Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

28 Օգոստոսի, 2010 00:00
Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՊՆ կոլեգիայի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին Զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին առնչվող հարցեր:

Զորքերի կառավարման համակարգի, շտաբների պատրաստության, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, կապի ստորաբաժանումներում առկա իրավիճակի, կապի ժամանակակից միջոցների սպասարկման, ռադիոկայանների շահագործման և այլ խնդիրների շուրջ զեկույցներով և առաջարկություններով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների շտաբների և կապի ծառայությունների պետեր: Բարձրացված խնդիրների շուրջ իր նկատառումները և առաջարկությունները հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: ՀՀ ԶՈՒ համապատասխան կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ սահմանված ժամկետներում զորքերի կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու, կադրային ճիշտ աշխատանք կազմակերպելու ուղղությամբ: ՀՀ ԶՈւ հրամանատարական կազմին հրահանգվեց միջոցներ ձեռնարկել՝ անձնակազմի մարտական ոգին ամրապնդելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել