Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը
28 Մայիսի, 2019 15:44Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության, զինված ուժերի բարձրաստիճան ապայակազմի և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել են Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը:
Տոնակատարության մասնակիցները ծաղկեպսակներ են դրել և ծաղիկներ խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այնուհետև բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողը: Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը:
Միջոցառման մասնակիցները Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել են «Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորումը և մայիսյան հերոսամարտերի պատմությունը» խորագրով ցուցահանդեսը: