Հայաստան է այցելել ՄԱԿ-ի փորձագետների խումբը
29 Ապրիլի, 2019 18:32Այցի նպատակն էր գնահատել ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների պատրաստության համակարգում Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանությունը ՄԱԿ-ի խաղաղապահության չափորոշիչներին: 2015 թվականին ստանձնած հանձնառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստի և ՄԱԿ-ի խաղաղապահության ուժերի համակարգում գրանցի ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան կառուցվածքով, անձնակազմով և տեխնիկայով ինժեներական վաշտ և դաշտային հոսպիտալ: Հայաստանը հետևողական է այս հանձնառության կատարմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ամենապահանջվածների շարքում դասվող երկու կարողությունների զարգացմամբ:
Ս.թ. մարտի 29-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է հանձնառության առաջին փուլի կատարումը, ինչի արդյունքում հայտագրված երկու ստորաբաժանումները գնահատվել են որպես 1-ին մակարդակի պատրաստության:
Հայաստան այցելած փորձագիտական խմբի նպատակն էր գնահատել ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանության աստիճանը գնահատման 2-րդ մակարդակին և խորհրդատվություն տրամադրել առկա հնարավոր անհամապատասխանությունները կարգավորելու ուղղությամբ: 3-րդ մակարդակի պահանջներին համապատասխանելու դեպքում ստորաբաժանումները կհամարվեն պատրաստ ՄԱԿ-ի ցանկացած առաքելության ինքնուրույն մասնակցելու համար:
Այս փուլում գնահատվել են անձնակազմի պատրաստության հնարավորությունները, տեխնիկական համալրվածությունը, տիրապետումը մարտավարական էլեմենտներին, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը և այլն: Գնահատման արդյունքները կստացվեն 1 ամսվա ընթացքում: