Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

25 Մարտի, 2019 11:31
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Ողջունելով հավաքի մասնակիցներին և զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները:

  • Տարածել