Անցկացվել են ամենամյա երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները
7 Մարտի, 2019 20:01Քննարկումների հիմնական թեմաներն էին տարածաշրջանային և միջազգային անվտանգային խնդիրները և պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական երկկողմ համագործակցությունը: Անվտանգության ոլորտին առնչվող քննարկումների շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների վերաբերյալ:
Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայիս իրավիճակը: Բրիտանական կողմը վերահաստատել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշումը, այն է` Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ համագործակցության ոլորտում 2018թ. ընթացքում կատարված աշխատանքները: 2018թ.-ին իրականացվել են ռազմավարական մակարդակի մի շարք քննարկումներ, մարտավարական վարժանքներ, կրթական, ինչպես նաև ռազմական մշակույթի փոխանակման ծրագրեր:
Երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների շրջանակներում ՄԹ ՊՆ պատվիրակությանը` ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուդիթ Ֆարնուրթի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում մարդասիրական առաքելության հետ կապված մանրամասներ:
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԹ ՊՆ միջև պաշտպանության ոլորտում 2019թ. երկկողմ համագործակցության ծրագիրը: