ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ՀԱՊԿ համատեղ նիստին
9 Նոյեմբերի, 2018 15:26ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։
Համատեղ նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք որոշումներ, հավանություն է տրվել Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերին։