ՆԱՏՕ-ի փորձագետների հետ անցկացվել են մասնագիտական քննարկումներ

8 Նոյեմբերի, 2018 16:30
Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» և ՆԱՏՕ-ի Բարեվարքության հարցերով միացյալ թիմը:

Այցի նպատակն է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում զինվորական առաջնորդություն և էթիկա, պետական/իրավական պատրաստություն առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը:

Այցի շրջանակում նոյեմբերի 7-ին և 8-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ զինված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զիված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես` ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի փորձագետներն իրենց հերթին ներկայացրել են Դաշինքի անդամ երկրների ռազմաուսումնական հաստատություններում բարեվարքության ոլորտին վերաբերող ուսումնական առարկաների և դասընթացների ներդրման և անցկացման փորձը:

Այցի արդյունքներն ամփոփվել են փորձագետների խմբի հետ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հանդիպման ընթացքում:

  • Տարածել