Պաշտպանության նախարարն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

15 Հոկտեմբերի, 2010 00:00
Ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին` դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերվող պարբերական մեթոդական օժանդակության համար: Իր հերթին դեսպան Կապինոսը պաշտպանության նախարարին ներկայացրեց մի շարք կառուցողական առաջարկություններ` ՀՀ ԶՈՒ բարեփոխումների, ռազմաքաղաքական, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և ռազմակրթական ոլորտի բարեփոխման ոլորտներում ԵԱՀԿ օժանդակության ծավալների ընդլայնման վերաբերյալ:

Սեյրան Օհանյանը մտահոգություն հայտնեց վերջին շրջանում սահմանային լարվածության աճի կապակցությամբ, մասնավորապես նշելով, որ հակառակ դիպուկահար կրակի դադարեցման վերաբերյալ հայկական կողմի առաջարկություններին և միջազգային հանրության հորդորներին Ադրբեջանը շարունակում է անտեսել մարդասիրական հանրաճանաչ նորմերը` պարբերաբար նենգ միջոցներով խախտելով հրադադարի ռեժիմը, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է լինելու զգալիորեն խստացնել ադրբեջանական դիպուկահարների չեզոքացման գործողությունները: Դեսպան Կապինոսը խոստացավ ԵԱՀԿ ղեկավար մարմիններին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվեցին քննարկված խնդիրները կյանքի կոչել պաշտպանական բարեփոխումների տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մշակման միջոցով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել