Քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր
13 Հունիսի, 2018 17:36Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և ՀՀ-ում պաշտպանության հարցերով Իտալիայի դեսպանության կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին ու կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին` վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` ք.Մոսկվա):
Պաշտպանության նախարարը շնորհավորել է բրիգադի գեներալ Միրոյին և ռազմածովային ուժերի կապիտան Պաչիֆիչին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:
Փոխադարձ շնորհավորանքներ ուղղելով Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, իտալացի գործընկերները կարևորել են Հայաստանի հետ պաշտպանության բնագավառում իրականացվող ակտիվ համագործակցությունը, Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելությունը և ընդգծել փոխգործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների: