Կատարելագործվում են խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները

8 Հունիսի, 2018 17:59
Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի ավարտական արարողությունը:

Դասընթացի նպատակն էր կատարելագործել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները ՀՀ տարածքում ականազերծման և միջազգային առաքելությունների ընթացքում պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ իրականացնելու համար` ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև պատրաստել ինժեներ-հրահանգիչների:

Դասընթացի ավարտին ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնվել է դասընթացի ընթացքում կիրառված ժամանակակից տեխնիկական միջոցների լրակազմը:

Դասընթացը, ինչպես նաև տեխնիկական աջակցությունը, հանդիսանում են ՀՀ-ում ականազերծման և պայթուցիկ միջոցների հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ և ինքնաբավ կարողություններ պատրաստելու ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության երկարաժամկետ ծրագրի փուլերից մեկը:

  • Տարածել