Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանորդին և ռազմական կցորդին
16 Մայիսի, 2018 15:51Անդրեյ Իվանովը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պետական ծառայության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարևորել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման գործում և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս շարունակվելու են ընդլայնվել և զարգանալ` օգտագործելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև երկու երկրների համագործակցության կարևորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:
Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: