Ամփոփվել են «Կորյուն» ռազմամարզական խաղի արդյունքները
16 Ապրիլի, 2018 21:14Շնորհավորելով մասնակիցներին ռազմամարզական խաղերի ավարտի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի տեղակալը նշել է, որ եզրափակիչ հասած տասնչորս թիմերի ներկայացուցիչներն արդեն հաղթանակած են: Սակայն լարված պայքարին զուգահեռ նրանք նաև ձեռք են բերել նոր ընկերներ, ծանոթացել են բանակային կյանքի որոշ դժվարությունների և հաղթահարել դրանք, մրցակցային մթնոլորտում ձեռք են բերել այն դրական որակները, որոնք հետագա կյանքի ընթացքում շատ օգտակար են լինելու: Փոխնախարարը հույս է հայտնել, որ խաղերի ընթացքում կուտակած փորձը կդառնա մասնակիցների նոր հաջողությունների և հաղթանակների գրավականը:
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական հանձնաժողովը, ամփոփելով մրցավարական գնահատականները, որոշել է թիմային մրցաձևերում մրցանակային տեղերը: Երրորդ տեղում Տավուշի մարզի թիմն է՝ Իջևանի ավագ դպրոց, երկրորդ տեղն զբաղեցրել է Արցախի առաջին թիմը՝ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոց: Մրցանակային առաջին հաղթական հորիզոնականը գրավել է Լոռու մարզի թիմը՝ Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի սաները` զինղեկ փոխգնդապետ Հովհաննես Բաբայանի ղեկավարությամբ:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են թանկարժեք նվերներով: