Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-իտալական համագործակցության 2018թ. ծրագիրը
28 Մարտի, 2018 14:19Մարտի 26-ից 28-ը Հռոմում անցկացվել են հայ-իտալական ռազմաքաղաքական հերթական խորհրդակցությունները, որին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդակցություններն անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Հռոմում` երկու երկրների պաշտպանության նախարարությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության վարչության ղեկավար կազմի մակարդակով:
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իտալական պաշտպանական համագործակցության ծրագրերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին, ամփոփվել են 2017թ. երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները: Կողմերը բարձր են գնահատել Լիբանանում 2014թ. իրականացվող համատեղ խաղաղապահ առաքելությունը:
Ռազմաքաղաքական խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-իտալական համագործակցության 2018թ. ծրագիրը: Ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ լեռնային պատրաստության, ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, միջազգային առաքելություններին կարաբինիերների, ռազմական ոստիկանության ներգրավման և փոխադարձ հետաքրություն ներկայացնող այլ ոլորտներում: