«ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին կմասնակցի 14 պետություն
28 Մարտի, 2018 14:12Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտել է, որ ArmHiTec-ի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդումն է, ռազմարդյունաբերության զարգացումն ու ոլորտի գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, համագործակցության նոր եզրեր փնտրելն ու նոր կապերի հաստատումը:
«Ցուցահանդեսը նվիրված է լինելու ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը և մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանն ու նոր կապերի հաստատմանը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ` գիտաժողովների, կլոր սեղանների ձևաչափով, մասնավորապես` հայ-ռուսական գիտաժողով կանցկացվի ոլորտի պատասխանատուների և բիզնես շրջանակի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղի կունենա նաև Պաշտպանության նախարարության գիտական և գիտատեխնիկական գիտաժողովը, ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստ և այլն»,- ասել է Դավիթ Փախչանյանը` հավելելով, որ այս տարի «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին առանձին տաղավարներով կմասնակցի 14 պետություն ներկայացնող ավելի քան 30 ընկերություն:
2018թ.մարտի 29-ից 31-ը Երևանում անցկացվելու է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 մ2 տարածքում ցուցադրվելու են սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ և այլն: