ՀՀ նախագահին ներկայացվել են «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

27 Հունվարի, 2018 11:38
Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ:

Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտությանը մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:

Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին մի քանի առիթով՝ պարտքը հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ կատարելու և տուն վերադառնալու, ինչպես նաև այսօր նշվող՝ զորավար Սուրբ Սարգսի օրվա ու գալիք տոնի՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև կարևորել է նման հանդիպումներն ու ներկայացրել դրանց հիմնական նպատակը:

«Բոլորին հասկանալի է, որ զինվորական ծառայությունը թեթև զբոսանք չէ, որ զինվորական ծառայությունն ունի իր դժվարությունները, իր բարդությունները, բայց ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, բարեհաջող ավարտելով իր ծառայությունը, այնուհետև ծառայության տարիները հիշելու է հպարտությամբ, ջերմությամբ: Եվ նույնիսկ, եթե այդ ծառայության ընթացքում որևէ մեկը ինչ-որ բանից նեղսրտել է կամ դժվարություններ է ունեցել, ապա դրանք մոռացության գիրկն են գնալու ժամանակի ընթացքում, և հիշվելու է միայն այն իրողությունը, որ դուք ձեր կյանքի այս հատվածում ձեր պարտականությունները մեր պետության ու ժողովրդի հանդեպ կատարել եք: Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր ժողովրդի և պետության անունից ձեր պարտքը ազնվորեն կատարելու համար:

Երկրորդ՝ ուզում եմ ձեզ շնորհավորել զորավար Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Ժամեր առաջ մենք պաշտպանության նախարարի հետ միասին Սուրբ Սարգիս եկեղեցու կամարների ներքո աղոթք ենք հղել առ Աստված, որպեսզի Տերը բարի աչքով նայի հայկական բանակին, պահի, պահպանի մեր զինվորներին և սպաներին ու մեր նահատակ ընկերների հոգիները միշտ խաղաղությամբ պահի:

Երրորդ՝ ուզում եմ շնորհավորել բոլորիդ հայկական բանակի 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Վաղը մենք, իհարկե, տոնելու ենք, հիշելու ենք մեր լավագույն սպաներին, զինվորներին, մեր զոհված ընկերներին, մեր սրտի խոսքն ենք ասելու բանակին, մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու հայկական բանակին:

Նույնիսկ չգիտեմ ձեզ ոնց դիմեմ, ասեմ՝ սիրելի՛ զինվորներ, ասեմ՝ տղե՛րք, որովհետև մարդ, եթե բարեխղճությամբ ծառայում է, իր պարտքը կատարում է, մեծամասամբ ամբողջ կյանքում զինվոր է մնում՝ բանակի զինվոր, երկիրը շենացնելու զինվոր, գիտելիք ստանալու գործում զինվոր: Այնուհանդերձ, տղե՛րք, այսպիսի հանդիպումներն իմ կողմից գոնե երկու նպատակ են հետապնդում: Առաջինն այն է, որպեսզի դուք իմ շուրթերից լսեք, որ վերադառնալով տուն, կատարելով ձեր պարտքը, դուք կարող եք ակնկալել նաև պետության կողմից աջակցություն: Եթե ձեզնից որևէ մեկը որոշել է ուսում ստանալ կամ մասնագիտություն ձեռք բերել, ապա պաշտպանության նախարարությունը, մեր պետությունը պատրաստ է մշտապես ձեզ օժանդակել: Խոսքս, իհարկե, միայն ձեզ չի վերաբերում. խոսքս վերաբերում է բոլոր զորացրվածներին:

Երկրորդ նպատակը հետևյալն է, որպեսզի ես կարողանամ ամբողջականացնել իմ տեղեկատվությունը մեր զինված ուժերի մասին: Ակնհայտ է, որ ես ունեմ բազմաթիվ խողովակներ՝ իրավիճակը բանակում հսկողության տակ պահելու, տեսնելու խնդիրները, փնտրելու լուծման ճանապարհներ, բայց գործընթացի անմիջապես մասնակիցներից առաջարկություններ լսելը չափազանց կարևոր է:

Մենք նախորդ տարի իրականացրել ենք մի ծրագիր՝ «Դիտակետ» անվանմամբ, որի նպատակն էր 2017 թվականի ամռանը զորացրված բոլոր զինվորներին անանուն հարցում անցկացնել և բոլոր զինվորներին տալ մի քանի հարցեր, որոնց պատասխաններն, իհարկե, մենք պետք է օգտագործենք մեր հետագա աշխատանքում: Այսօր պաշտպանության նախարարը և մեր գործընկեր «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն, սոցիոլոգ Հովհաննես Գրիգորյանը կներկայացնեն այդ հսկայական ուսումնասիրությունից մի հատված: Այնուհետև կխնդրեմ ձեզ կա՛մ ինչ-որ կերպ մեկնաբանել եզրակացությունները, կա՛մ տալ սեփական եզրակացությունները, կա՛մ հարցերի միջոցով փորձել ճշգրտել ինչ-որ հանգամանքներ, կա՛մ անել առաջարկություններ: Սա չափազանց կարևոր է մեր զինված ուժերի համար, որովհետև մեր զինված ուժերը, մեր բանակը ժողովրդական բանակ է. մեր բանակն իր մեջ ներառում է զորակոչի տարիքի գրեթե բոլորին՝ մեր հասարակության մի հսկա հատվածի: Ի միջի այլոց` պետք է ասեմ, որ մեր զինված ուժերն ամենաերիտասարդական կառույցն է, որովհետև միաժամանակ այդքան երիտասարդներ որևէ կառույցում չեն գտնվում: Ուստի, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր զինվորներն ու սպաները հաճույքով ծառայեն, որպեսզի ոգևորություն ունենան այն փաստից, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի հավերժի երթի այս հատվածում այդ բախտը իրենց է վիճակվել: Միգուցե, հիմա դուք չեք կարող ամբողջովին գնահատել, բայց հավատացեք, որ տարիքի հետ դուք հասկանալու եք՝ գերագույն հաճույքը սեփական ժողովրդին, սեփական պետությանը ծառայելն է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը մասնակցող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել զորացրված զինծառայողներին լավ ծառայության համար և կարևորել Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պարբերական դարձած՝ արդեն երրորդ անգամ անցկացվող նման ձևաչափի հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս առաջարկվող քաղաքականությունը, առաջարկվող բարեփոխումները համադրել զորացրվող զինծառայողների կարծիքների, տպավորությունների հետ: Նախարարը խոսել է նաև «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության մասին, որի արդյունքները երեկ ներկայացվել են նաև պաշտպանության նախարարությունում կայացած տարեկան ամփոփիչ կոլեգիայի նիստում:

«Ըստ ուղղությունների տրվել են հանձնարարականներ՝ հասկանալու, թե բացասական կամ մտահոգիչ պատասխանների ուղղությամբ ինչ աշխատանք ունի կատարելու յուրաքանչյուր ստորաբաժանումը, վարչությունը: Նաև դիտարկել ենք յուրաքանչյուր զորամասի կտրվածքով պատկերը: Երեկ կոլեգիայի նիստի ժամանակ ընդհանուր առմամբ մատնանշել ենք այն զորամասերը, որոնք ակնհայտորեն ավելի լավ վիճակում են գտնվում, և հանրային ընկալման մեջ զորացրված զինծառայողների խնդիրներն ավելի լավ են լուծված, ինչպես նաև այն զորամասերը, որտեղ յուրաքանչյուր ուղղությամբ կան մտահոգություններ: Ամեն զորամասի հրամանատարի հետ առանձին ևս աշխատելու ենք, որպեսզի շտկումներ արվեն, լուծումներ գտնվեն»,-ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ներկայացնելով «Դիտակետ»-ի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը տեղեկացրել է, որ ընկերության հարցազրուցավարներն այցելել են 47 քաղաքային և 688 գյուղական բնակավայրեր՝ հարցումներ իրականացնելով 2017 թվականի ամռան ամիսներին զորացրված և հարցումներին մասնակցելու գրավոր համաձայնություն տված բոլոր ժամկետային զինծառայողների շրջանում, որոնք զինծառայություն են անցել 12 ամիս և ավելի։ Հարցմանը մասնակցել են հասանելի զորացրվածների 73%-ը։

«Հետազոտության իրականացման համար առաջ են քաշվել հատուկ պահանջներ տվյալների անվտանգության, ինչպես նաև զորացրվածների համար առավել անկաշկանդ կարծիք արտահայտելու պայմաններ ստեղծելու վերաբերյալ։ Ներդրվել է ծրագրային ապահովման հատուկ համակարգ, որը պլանշետների միջոցով իրականացվող հարցման տվյալները րոպեների ընթացքում փոխանցում է անվտանգ դաշտ՝ անհասանելի դարձնելով այն շահագրգիռ կողմերի, անգամ՝ հարցումն իրականացնողների համար»,-ասել է սոցիոլոգը՝ հավելելով, որ ընկերության վերլուծաբանների խումբը շուրջ մեկ ամիս իրականացրել է տվյալների վերլուծական աշխատանքներ և մանրամասն հաշվետվությունների ու զեկույցների տեսքով ներկայացրել պաշտպանության նախարարություն։

Հետազոտության արդյունքում ստեղծվել է տվյալների ծավալուն բազա՝ շուրջ 560 հարց և ենթահարց, ինչպես նաև՝ դրանց համադրության արդյունքում դուրս բերված տվյալներ։ Դրանք վերաբերում են բանակային կյանքի բոլոր կողմերին՝ սկսած նյութատնտեսական բազայից, առողջապահական հարցերից, կրթության ու ժամանցի կազմակերպումից մինչև կենցաղային պայմաններ ու ոչ կանոնադրային հարաբերություններ։

Հետազոտական տվյալները, ըստ զեկուցողի, որոշակի պատկեր են տալիս զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին։ Մանրամասն ներկայացնելով հարցվածներից ստացված դրական և բացասական կարծիքները՝ Հովհաննես Գրիգորյանը ընդգծել է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ զինծառայությունից առաջ առկա են որոշակի կարծրատիպային պատկերացումներ, որոնք զգալիորեն փոխվում են զորացրումից հետո։ Նա նշել է, որ հարցումներին մասնակցած և դրանով բանակի արդիականացման այս ծրագրում իրենց ներդրումն ունեցած բոլոր մյուս զինծառայողները նույնպես հնարավորություն են ունենալու ծանոթանալու հետազոտության ամբողջական արդյունքներին փետրվարի 3-ին պաշտպանության նախարարությունում կայանալիք ընդունելության ժամանակ։

Հետազոտության արդյունքները զորացրված զինծառայողների հետ քննարկելուց հետո Հանրապետության Նախագահն առաջարկել է հանդիպումը շարունակել առանց տեսախցիկների և անկաշկանդ մթնոլորտում անդրադառնալ ինչպես թեմայի շուրջ, այնպես էլ դրանից դուրս հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

  • Տարածել