ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է կրթական նոր ծրագիր

24 Հոկտեմբերի, 2017 18:56
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով:

Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք համագործակցությանը:

Նիստի սկզբում ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն իր հակիրճ ողջույնի խոսքում ներկայացրել է հիմնադրումից ի վեր համալսարանի հիմնական ձեռքբերումները, անդրադարձել առաջիկա ծրագրերին, վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացի բովանդակությանն ու կառուցվածքին:

Հանդիսավոր նիստից հետո ՊՆ և ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան սպաների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մասնակցությամբ մեկնարկել է ՊԱՀՀ ռազմավարական կրթական ծրագիրը: Դասընթացի մասնակիցների համար «ՀՀ պաշտպանական համակարգի զարգացման հեռանկարները ազգային շահերի ապահովման համատեքստում. «Ազգ-բանակ» հայեցակարգի ներդրման հիմնահարցերը» թեմայով դասախոսություն է կարդացել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությունը
Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում

  • Տարածել