Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը
18 Սեպտեմբերի, 2017 19:46Լիագումար նիստում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Իր օրհնության խոսքն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Համաժողովի մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաներին ողջունել են նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Համաժողովին մասնակցում են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ, լրագրողներ, տնտեսության, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ավելի քան 1800 ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Համաժողովի շրջանակում ընթանում են քննարկումներ չորս հիմնական թեմատիկ ուղղություներով. Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, արտաքին քաղաքականության օրակարգ, հայապահպանության հիմնախնդիրներ:
Թեմատիկ ուղղությունների կազմակերպման պատասխանատու գերատեսչություններն են ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, սփյուռքի նախարարությունները:
Համաժողովի շրջանակներում Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումներն են ներկայացնում տարբեր պետական գերատեսչություններ, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Առանձին տաղավար նվիրված է «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» և զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին: