Դիտարկվել է զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը
24 Սեպտեմբերի, 2016 18:19Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, մարտավարական բնագծի պաշտպանական դիրքերի և ամրաշինական կառույցների բարելավման ու կահավորման աշխատանքների ընթացքը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում են եղել նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները:
Նույն օրը Սեյրան Օհանյանը այցելել է նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի հարազատներին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Անդրանիկի հարազատներին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքին և նշել, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր հնարավորության սահմաններում սատար կանգնելու նրանց և մնացած բոլոր զինծառայողների հարազատներին։
Անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Անդրանիկի հայրը վերհիշել է որդու հետ կապված հիշարժան դրվագներն ու զինծառայության մեկնելու նախօրյակին նրան տրված պատգամները։ Ատոմ Զոհրաբյանը միաժամանակ հավաստիացրել է, որ պատրաստակամ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը։