Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտները զինվորագրվել են հայրենիքի պաշտպանության վսեմ գործին
31 Օգոստոսի, 2016 18:49Զինվորական կարգով կուրսանտները երդվել են պատվով ու նվիրումով կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Երդման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, կուրսանտների հարազատներ:
Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով ապագա բժիշկներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու ԵՊԲՀ ռեկտորը արժևորել են ապագա ռազմական բժիշկների գիտակցաբար կատարած մասնագիտության ընտրության որոշումը` հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո, և վստահություն հայտնել, որ կուրսանտներն ուսումնառության ավարտին պատվով կիրականացնեն իրենց դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը, որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտի ռազմադաշտում և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար սեփական կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը: