ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԽՄԲԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ

15 Հունվարի, 2011 00:00
Քաղաքագիտական-հասարակագիտական ուշագրավ նախաձեռնություն

Ավարտվող տարվա նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելվածի (թիվ 1 եւ 2 (13-14), 2010 թ.) շնորհանդես-քննարկումը, մասնակցությամբ քաղաքագետների, պատմաբանների ու հասարակագետների ներկայանալի մի խմբի:

«ԱՄՆ-ի հայկական լոբբինգային կառույցների գործունեությունը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական շահերի տեսանկյունից» խորագիրը եւ «ՀՀ-Սփյուռք երկխոսության ռազմավարության ուղենիշները» ենթախորագիրը կրող հավելվածը՝ ղեկավարությամբ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի եւ խմբագրությամբ Ա. Ավագյանի, Բ. Պողոսյանի եւ Վ. Տեր-Մաթեւոսյանի: 240 էջ կազմող հավելվածը փաստորեն արժեքավոր ուսումնասիրությունների ժողովածու է, որին իրենց աշխատակցությունն են բերել մի խումբ փորձագետներ Հայաստանից ու Սփյուռքից: Հայրենիք-Սփյուռք խնդիրների շուրջ ռազմավարական իր գնահատումներն է տվել Վ. Տեր-Մաթեւոսյանը, հայոց լեզվի ուղղագրական համակարգերի համադրման խնդիրն է քննարկել Պ. Չոբանյանը ՀՀ ազգային անվտանգության դիրքերից, Հայ եկեղեցու միասնության խնդրին է անդրադարձել Հ. Հովհաննիսյանը սփյուռքի անվտանգության տեսակետից, մինչ Արմեն Մանվելյանը Ռամկավար Ազատական կուսակցության օրինակով փորձել է Հայաստան-Սփյուռք բազմակարծության եւ հավասարակշռության շուրջ լուծումներ առաջարկել, Ա. Եգանյանը Հայաստանի եւ ամերիկահայ լոբբինգային կառույցների համագործակցության հեռանկարներն է բացահայտել, իսկ Բ. Պողոսյանը եւ Ա. Ավագյանը առանձին հոդվածներով ԱՄՆ հրեական լոբբիի փորձն ու ներուժն են քննարկել Իսրայելի անվտանգության եւ, հարակցաբար, նմանօրինակ ներուժի ստեղծումը համահայկական շահերին ծառայեցնելու տեսակետից: Այս վերջին՝ հրեական լոբբիի եւ ավելի լայն՝ հրեական սփյուռքի կազմակերպական մոդելին եւ հայկական իրականության մեջ դրա կիրառման հնարավորությանն են անդրադարձել ժողովածուի ամենածրագրային երկու հոդվածները: Դրանցից առաջինը պատկանում է գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի գրչին («ՀՀ-Սփյուռք երկխոսության ռազմավարության ուղենիշները»), իսկ երկրորդի հեղինակն է հայտնի արեւելագետ, սփյուռքի հետ համագործակցության մեծ փորձ ունեցող քաղաքագետ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը («Հայաստան-Սփյուռք ինտեգրման ռազմավարական ուղենիշները. հայեցակարգային մոտեցումներ»): Ժողովածուում, որտեղ նշված է, թե հեղինակների կարծիքը միշտ չէ, որ համընկնում է խմբագրության տեսակետների հետ, հյուրընկալվել են նաեւ սփյուռքահայ երեք փորձագետների՝ Ժուլիեն Զարիֆյանի, Ասպետ Քոչիկյանի եւ Ստեփան Աստուրյանի հոդվածները, որոնցից առաջին երկուսը գրեթե սպառիչ կերպով ներկայացնում են ամերիկահայ լոբբիի ծագումնաբանությունը, կառուցվածքն ու գործունեության մեթոդոլոգիան, իսկ երրորդը խոսում է Սփյուռքի հայ քաղաքական կուսակցությունների հետ Հայաստանի կառավարության գործունեությունը համակարգելու հեռանկարների շուրջ: Ի դեմս գրախոսվող ծողովածուի, մենք գործ ունենք լուրջ, հնարավորինս գիտական ու մասնագիտական մոտեցմամբ գրված հոդվածների հետ, որոնք առավել խորությամբ տեսականորեն քննարկում են գործնական հարցեր: Հոդվածների մեծ մասի համար տեսաբանական քննարկման դաշտ է հանդիսանում առավելաբար ամերիկահայ համայնքը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հրեական կամ իսրայելական լոբբիի գործունեությունը: Ինչ վերաբերում է գործնական նպատակներին, դրանք պարզ ու մեկին շարադրված են ե՛ւ Հ. Քոթանջյանի, ե՛ւ Ն. Հովհաննիսյանի հոդվածներում, իսկ հատորի վերջում առաջարկներ են մատուցվում ՀՀ նախագահին, կառավարությանը, արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարություններին: Ինչպես ակնկալելի էր, ժողովածուն կազմողների գլխավոր նպատակն է եղել գտնել ու քննարկել տարբեր՝ հատկապես հրեական սփյուռքի կազմակերպական մոդելը եւ դրա կիրառելիությունը Հայաստան-Սփյուռք համակարգ ստեղծելու եւ ընդհանրապես սփյուռքահայությանը համընդհանուր մի կառույցի շուրջ համախմբելու, եւ դրանով իսկ հայությունը առկա եւ հնարավոր սպառնալիքներից զերծ կացուցանելու գործում: Միավորիչ նախաձեռնություններն ու շարժումները նոր չեն հայկական իրականության մեջ: Սկսած 19-րդ դարի 2-րդ կեսից թե՛ արեւելահայության եւ թե՛ արեւմտահայության կյանքում նման նախաձեռնություններ եղել են: Սկզբնական շրջանում նույնիսկ ՀՅ Դաշնակցությունն է ունեցել նման հավակնություն՝ հիմնադրվելով իբրեւ Հայ հեղափոխականների՛ դաշնակցություն: 1906-ին Եգիպտոսում ստեղծված Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիրների ու մանավանդ, եթե կարելի է այսպես ասել՝ նախահիմնադիրների ծրագրերում եղել է համահայկական ու վերկուսակցական կառույցի ստեղծման գաղափարը հենց Alliance Israelite-ի (Իսրայելական դաշինք) օրինակով: Իսկ Մեծ եղեռնից հետո, խորհրդահայ պետական ղեկավարների նախաձեռնությամբ արտասահմանում գործող ՀՕԿ-ի (Հայաստանի օգնության կոմիտե) գործունեության առաջին շրջանը (Հովհ. Թումանյանի եւ Արամայիս Երզնկյանի գլխավորությամբ), այսինքն մինչեւ գաղափարի այլասերումը համայնավարացման «տեսլականով», մայր հայրենիքի շուրջը համախմբվելու տեսակետից նույնպես կարելի է համարել համահայկական կառույց ստեղծելու փորձ, ինչպիսին է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծումն արդեն մեր օրերում: Իբրեւ սփյուռքահայությանը միավորելու փորձ կարելի է դիտարկել նաեւ 1975-ին Կիպրոսում մի խումբ մտավորականների՝ նպատակադիր-հիմնադիրների նախաձեռնությունը՝ ստեղծելու վերկուսակցական համասփյուռքյան շարժում, որը շուտով շեղվեց իր բուն նպատակից եւ հիմնադիրներից շատերի կամքի հակառակ վերածվեց ռազմականացված կառույցի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ԱՍԱԼԱ): Նույն այդ մտավորականներից ոմանք հետագայում իրարահաջորդ 3 փորձ կատարեցին Փարիզում ու Լոզանում համասփյուռքյան կառույցով օժտելու (վերապատվելի Գառնուզյանի գլխավորությամբ) սփյուռքահայությանը, ինչը հանդիպեց մեր ավանդական կուսակցությունների լուռ ժխտողականության պատին: Իսկ ավելի ուշ, արդեն 70-ականների վերջերին, Մ. Նահանգներում ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի ու ՀԲԸՄ-ի ջանքերով ստեղծվեց Ամերիկայի հայկական համագումարը՝ ամերիկահայության քվեարկու ուժը հօգուտ հայության շահերի օգտագործելու, այսինքն լոբբիստական նպատակամղումով: (Շուտով ՀՅԴ-ն լքեց համագումարը, իսկ ՌԱԿ-ը ավելորդ գտավ իր ներկայությունն այնտեղ, որտեղ դաշնակցությունն արդեն չկար): Բարեբախտաբար Ամերիկայի հայկական համագումարն առ այսօր հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, թեեւ վերջին շրջանում հատկապես տուժել է իր գլխավոր դոնորներից Ժերարդ Գաֆեսճյանի փոփոխամիտ ու երբեմն էլ անմիտ վարմունքի պատճառով: Գրախոսվող Հավելվածում ընդարձակ անդրադարձումներ կան այս կազմակերպության լոբբիստական գործունեության մասին եւ իրավացի հաստատումներ, թե ի հակադրություն մեր մյուս լոբբիստական կազմակերպության՝ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի, որը հանդես է գալիս որպես ցանցային կառույց՝ տարբեր քաղաքներում գործող իր մյուս գրասենյակներով, ԱՀՀ-ն գործում է անհատականությունների ղեկավարությամբ, որոնք առավել ամուր կապեր ունեն ԱՄՆ-ի պետքարտուղարության հետ եւ ընդհանրապես լոյալ դիրք ՀՀ իշխանությունների նկատմամբ: Ես չգիտեմ Հայոց համազգային շարժման գլխավոր հիմնադիրների մտքում գոնե սկզբնապես կա՞ր համահայկական կառույցի գաղափարը, սակայն դատելով հետագայում ՀՀՇ-ի մեկուսի ու մեկուսապաշտ գործունեությունից ու մանավանդ նրա առաջնորդի՝ հայությանը երկու դասի՝ նարինջ ուտողների եւ նարինջ չուտողների բաժանելու իմաստո՜ւն կեցվածքից, այդ կազմակերպությունը հայությանը միավորելու նպատակ չուներ եւ հետեւաբար ի վերջո վերածվեց սոսկական կուսակցության: Որպես համահայկական նախաձեռնության փորձ պետք է է հաշվի առնել նաեւ Արա Աբրահամյանի գլխավորությամբ 2001-ին Մոսկվայում Հայերի համաշխարհային կոնգրեսի ստեղծումը, որը շոշափելի հաջողություն է արձանագրել առայժմ միայն Ռուսաստանի տարածքում, առավելաբար նույնանալով ու նույնացվելով Ռուսաստանի հայերի միության արդյունավետ գործունեության հետ: Զուգահեռաբար, այժմ Մոսկվայում «Արեւմտահայերի խորհրդարան» ստեղծելու՝ ըստ ինձ ուտոպիստական փորձ է կատարում Կարեն Միքայելյանի գլխավորությամբ գործող խմբակը եւ նույնիսկ հավաքներ կազմակերպում Կիպրոսում, Մոսկվայում եւ այլուր: Այս բոլոր օրինակների թվարկումը ցուցանում է մի կարեւոր բան՝ միշտ առկա է համասփյուռքյան եւ համահայկական կառույց ստեղծելու գաղափարը: Հասունացել է հայության ցիրուցան ուժերն ու գործունեությունը համակարգելու պահը: Գրախոսվող ժողովածուի երեւան գալը, ինչպես նաեւ, մյուս կողմից, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի եւ Սփյուռքի նախարարության ջանքերով հայության տարբեր հատվածների ու խնդիրների շուրջ վերջին երկու տարիներին լույս տեսնող զանազան ուսումնասիրությունները, ավելին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության ստեղծումն ինքնին ապացույցն են այդ գաղափարի այժմեականության: Պատահական չէ, որ հենց վերջերս, նոյեմբերի 20-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի նախաձեռնությամբ գումարվեց միջազգային սիմպոզիում՝ «Հայ սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» խորագրով, ծանոթ հրապարակախոս եւ Լինսի հիմնադրամի փոխնախագահ ու Միացյալ հայկական ֆոնդի տնօրեն Հարութ Սասունյանի եւ խմբի ջանքերով: Ու թեեւ դեռեւս առիթ չեմ ունեցել ուսումնասիրելու այդ համաժողովի նյութերը, սակայն ինձ սխալ, անիրագործելի է թվում այդ ֆորումի մեկնակետը՝ ընտրովի ղեկավարություն համաշխարհային կառույցի: Իր հոդվածներից մեկում Հ. Սասունյանն առաջարկում էր համագաղութային այդ ընտրությունները կատարել «յուրաքանչյուր 20 հազարը 1 ներկայացուցիչ» սկզբունքով, ինչը ոչ միայն մեխանիկական, այլեւ անարդար մոտեցում է ըստ իս: Որակյալ ներկայացուցչականության խնդիրը սփյուռքի պարագայում միշտ էլ կարեւոր է եղել եւ մնում է կարեւոր: Մեխանիկական այդ մոտեցման փոխարեն գրախոսվող հավելվածում գեներալ Հայկ Քոթանջյանն իր «Համաշխարհային հայության համակարգի քայքայման սպառնալիքի հաղթահարման ուղիները» հոդվածում առաջարկում է ներկայացուցչական ժողովի գաղափարը, որի արդյունքում կստեղծվի «Համաշխարհային հայության գլխավոր կազմակերպությունների նախագահների համաշխարհային կոնգրես՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նախագահությամբ»: Այլ խոսքով՝ հրեական մոդելին մոտ մի կառույց, որի խնդիրն է լինելու ապահովել սփյուռքահայության եւ հայկական պետականության անվտանգությունը, հաղթահարել առկա խոչընդոտները եւ սպառնալիքները, համայն հայության ջանքերը ծառայեցնել ի շահ հայության եւ հայկական պետականության: Հիշյալ մոդելին, բայց ո՛չ գաղափարին, որոշապես հակադրվում է պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանն իր նշյալ հոդվածում, հաստատելով, որ «Հայոց սփյուռքը, ի տարբերություն հրեականի, երբեք իր առջեւ հայկական պետություն ստեղծելու խնդիր չի դրել ու չէր էլ կարող դնել, որի պարագայում նա Հայաստան-Սփյուռք շղթայում ձեռք կբերեր գերակա դերակատարում»: Փոխարենը նա առաջարկում է առավել զգուշավոր տարբերակ՝ Հայաստան-Սփյուռք երկխոսություն, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի ՀՀ նախագահի կողմից, որը կհրավիրի այդ ժողովը, իսկ Սփյուռքը՝ իր կայացած կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների միջոցով: Նման երկխոսության գլխավոր խնդիրները կլինեն՝ ա) Հայաստանը հայտարարել ամենայն հայոց պետություն եւ բ) ստեղծել «Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունը համադրող համատեղ մարմին» կամ «Հայաստան-Սփյուռք խորհրդատու մարմին», որը կգործի որպես անցումային կառույց, մինչեւ որ նախադրյալներ ստեղծվեն Հայաստան-Սփյուռք համահայկական մշտական մարմնի գոյառման համար: Վերոշարադրյալից, ինչպես նաեւ հավելվածի մյուս նյութերում արծարծված խնդիրներից եւ առաջարկություններից երեւում է, որ աշխույժ, խորը, գիտական ու համապարփակ քննարկումների պահը հասունացել է հայ իրականության մեջ, հասունացել է պահը «ուղեղները փոթորկելու» ի խնդիր համահայկական կառույցի ստեղծման, եւ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի սույն նախաձեռնությունը ողջունելի է ամեն տեսակետով: Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ«Ազգ», թիվ 237, 23.12.2010թ.
  • Տարածել