Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան
23 Փետրվարի, 2016 19:41Ձեռնարկության տնօրեն Արսեն Թառոյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության ենթակայությամբ ստեղծվող ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի շնորհանդեսային կենտրոնի վերանորոգված տարածքն ու կենտրոնի գործարկման հետ կապված հարցերը, մասնավորապես` շնորհանդեսային կենտրոնի շրջանակներում միսանական թվային հարթակի ստեղծման գաղափարը, որտեղ պետք է ներկայացված լինեն ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններն՝ իրենց հնարավորություններով, ինչը կխթանի արտահանումը:
Շրջայցի ընթացքում Արսեն Թառոյանն անդրադարձել է ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին և հանդես եկել համագործակցության մի շարք առաջարկություններով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել կատարված աշխատանքները, առաջարկություններ արել շնորհանդեսային կենտրոնի կահավորման և գործարկման վերաբերյալ, ինչպես նաև հորդորել է ամրապնդել ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի, ձեռնարկությունների և տնտեսության այլ ճյուղերի կապն ու հետագա համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ձեռնարկությունում իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախագծերը, այդ թվում՝ ընկերության տարածքում Հայ տեք կիբեռանվտանգության կենտրոնի գործարկման և նոյեմբեր ամսին ՀԱՊԿ շրջանակներում ArmHiTec ռազմական արտադրանքի միջազգային ցուցահանդեսի անցկացման հետ կապված մի շարք հարցեր: