Մոնթեականները խրախուսվեցին պատվոգրերով

23 Հունիսի, 2015 00:00
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմի անդամներին, ովքեր այս տարվա փետրվարի 13-ից 22-ը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացված «Պատանի հայրենասերներ» 13-րդ միջազգային մրցույթ-հավաքին:

Վարժարանի սաները վերջին տարիներին մշտապես մասնակցում են երիտասարդների ֆիզիկական դաստիարակությանը և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը միտված միջազգային մրցույթին և պատվով են ներկայացնում Հայաստանն ու ազգային բանակը: Ողջունելով մոնթեականներին՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց նրանց միջազգային մրցույթում արժանապատիվ մասնակցության և մրցանակային երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Հանդիպման ընթացքում «Պատանի հայրենասերներ» մրցույթ-հավաքին մասնակցած մոնթեականներն իրենց առջև դրված խնդիրը պատվով կատարելու համար փոխնախարարի կողմից խրախուսվեցին պատվոգրերով: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը Դավիթ Տոնոյանին ներկայացրեց հավաքի ընթացքն ու այն փորձությունները, որոնք հայ կուրսանտները հաղթահարել են առանց բարդությունների: Ընդգծվեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հայ պատանիներն առանձնացել են բարձր պատրաստվածությամբ, հաղթելու և պայքարելու վճռականությամբ ու անկոտրում կամքով:
  • Տարածել