Քննարկվել են միջազգային ռազմամարզական մրցույթ-հավաքի նախապատրաստական խնդիրները

18 Հունիսի, 2015 00:00
Օգոստոս ամսին Հայաստանում` Ծաղկաձորի մարզաբազայի հենքի վրա, կանցկացվի «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքը:

Ռազմամարզական խաղերի նախապատրաստման, պլանավորման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով հունիսի 18-ին Ծաղկաձորում` մրցույթի անցկացման վայրում, կայացել է ռազմամարզական խաղերի նախապատրաստման, պլանավորման և կազմակերպչական հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Մշակույթի, Կրթության և գիտության, Սփյուռքի նախարարությունների, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ներկայացուցիչներ: Ծաղկաձորի գեղատեսիլ բարձունքներից մեկում գտնվող մարզահամալիրը օգոստոսին կընդունի մեկ տասնյակից ավելի երկրների ռազմամարզական և կադետական վարժարանների սաներին: «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» ռազմամարզական մրցույթ-հավաքի անցկացման համար մարզահամալիրում առկա են բոլոր պայմանները՝ տարբեր մարզաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճներ, միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազան և այլն: Տեղազննման իրականացման և առաջադրված խնդիրների հստակեցման նպատակով կազմակերպված խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրեց միջոցառման ընդհանուր գաղափարն ու կազմակերպչական առանցքային հարցերը: Քննարկվեցին նաև միջազգային մրցույթ-հավաքի տեխնիկական, տեղեկատվական, թիկունքային, բժշկական, անվտանգության ապահովման և մրցույթի անցկացման հետ կապված բազմաթիվ այլ հարցեր: Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջագծում իրականացվող և միջազգային նախագիծ հանդիսացող հավաքի գլխավոր նպատակն է հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային և կրոնական արժեքների ամրապնդմանը:
  • Տարածել