Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
12 Հունիսի, 2015 00:00Հունիսի 12-ին պաշտպանության նախարարությունում անցկացվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ձևավորված պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահած նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների և փորձագետների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:
Ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված էր Զորային կառույցի մշակման աշխատանքների վերստուգմանը և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն ընդառաջ ռազմավարական վերանայման նոր փուլի մեկնարկի տրմանը: Այս համատեքստում` միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես եկան ելույթներով, որոնցում, հիմնվելով պլանավորման նկատառումների և դերերի ու առաջադրանքների վրա, անդրադարձան Ազգային անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման նպատակով վերաբերող մասով կատարվելիք խնդիրների հայեցակարգային դրույթներին և իրականացման մեխանիզմներին:
Համատեղ աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով նիստի բոլոր մասնակիցներին` պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հատուկ ընդգծեց ռազմավարական վերանայման այս հանգուցային պահին միջգերատեսչական ջանքերի չթուլացման հրամայականը: Ավելացրեց, որ մեկնարկող փուլը միտված է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ պետական կառավարման տարբեր մարմինների կողմից կատարվելիք միջոցառումների ներդաշնակեցմանը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջ և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը:
Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է նաև աշխատանքային խորհրդակցություն ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և բանակային զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կիրառման պլանների ճշտումների, հանկարծակի ստուգումների արդյունքները, քննարկվել են ռազմավարական բնույթի առաջիկա միջոցառումների նախապատրաստման ու կառավարման ընթացքը: Հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար Սեյրան Օհանյանի կողմից առաջադրվել են նաև մի շարք խնդիրներ՝ մշտական տեղակայման վայրերում ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնությունը բարձրացնելու, այդ ուղղությամբ համալիր միջոցառումներ ձեռնարկելու, վերջիններս պատճաշ և բարձր մակարդակով իրականացնելու ուղղությամբ: