Քաղաքացիների ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

9 Հունիսի, 2015 00:00
Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ներկայացած քաղաքացիների խնդրանքները բազմաբնույթ էին: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերում էին սոցիալ-իրավական, առողջական և զինծառայողների ու նրանց հարազատների բուժման հետ կապված հարցերին: Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա ռազմական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր համապատասխան պարզաբանումներ տվեցին բարձրաձայնված հարցերի շուրջ: Ընդունելության ընթացքում՝ մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրաձայնված հարցերին, տվեց հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար: Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների զգալի մասին տրվեց դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում:
  • Տարածել