Տոնակատարություն Սարդարապատի հուշահամալիրում
29 Մայիսի, 2015 00:00Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 97-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրը կրկին բազմամարդ էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցում էին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, հոգևոր այրեր, զինվորականներ և այլոք:
Տոնակատարությունը մեկնարկեց գեղեցիկ զորահանդեսով: Հանդիսավոր քայլերթով, խրոխտ կեցվացքով և կուռ շարքերով անցան հայոց հաղթանակած բանակի զինծառայողներն ու ապագա սպաներըª վերահաստատելով ոչ միայն հայկական զինուժի մարտունակությունը, այլև այն, որ հերոս նախնիների արժանի ժառանգորդներն են:
Տոնական միջոցառման կարևոր բաղկացուցիչներից մեկն էլ զինված ուժերի պատվո-պահակային վաշտի զինծառայողների դիտարժան, բարդ ու գեղեցիկ էլեմենտներով հագեցած ցուցադրական ելույթն էր:
Տոնակատարության մասնակիցները աղոթք հնչեցրին զոհված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին նահատակների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:
Համաժողովրդական միջոցառումը համեմվեց գեղեցիկ համերգային ծրագրով: Մայիսյան հերոսամարտերից 97 տարի անց բոլորը դարձյալ ոտքի էին, բայց արդեն հաղթական երգ ու պարով՝ երիտասարդ սերդնին փոխանցելով հերոս նախնիների ուղերձը:
Տոնակատարության մասնակիցները եղան նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, որտեղ շնորհավորական ուղերձով հանդես եկավ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը
Հանրապետության տոնի առթիվ տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: ՀՀ նախագահի հրամանագրերով պետական պարգևներ և կոչումներ շնորհվեցին գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի և մի շարք այլ բնագավառների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: