Ամփոփվել են պաշտպանական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները

27 Հունվարի, 2015 00:00
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդների հետ:

Մամուլի ասուլիսի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն ամփոփել է 2014 թվականի արդյունքները և նախանշել 2 տարվա անելիքները: Հանդիպման երկրորդ մասում էլ տեղի է ունեցել «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի հերթական երեք հատորների շնորհանդեսը: Նախագծի հեղինակն ու խմբագիրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Մինչ հարց ու պատասխանին անցնելը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է 2014 թվականին պաշտպանական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու 2015 թվականի գերակա խնդիրները` փաստելով, որ 2014թ.-ն եղել է ձեռքբերումների, դիրքերի կայունացման և որակական առաջընթացի տարի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ` 2014 թ. իրականացված կառուցվածքային և ռազմավարական բարեփոխումները տվել են իրենց արդյունքները և հայկական զինված ուժերն իրավիճակի ճշգրիտ գնահատման, նախաձեռնողականության և նոր մոտեցումների որդեգրման շնորհիվ կարողացել են ապահովել հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ արարումը: Պատասխանելով ԶԼՄ-երի ներկայացուցիչների տարաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին Ադրբեջանի որդեգրած ռազմատենչ քաղաքականությանն ու հակառակորդի սանձազերծած գործողություններին, Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը` իր հասարակությունում ատելություն սերմանելով հայերի նկատամամբ: Եվ եթե հակառակորդը քաղաքական առումով չի ընդունում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, ապա նրա ցանկացած ոտնձգություն կարժանանա համարժեք պատասխանի: Պաշտպանության նախարարի հավաստմամբ` անհաջողությունները և սեփական անձնակազմի կորուստները հակառակորդին չեն ստիպում հետ կանգնել իր որդեգրած գործելաոճից: Եվ չնայած ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար այս իրավիճակն ընդունելի չէ, բայց պետք է կտրուկ որոշումներ կայացնել և կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Եվ այս առումով հայկական կողմի գործողությունները հետայսու էլ հստակ են լինելու: Հայկական զինուժը բավականաչափ հզոր է և ունակ ամբողջությամբ վերահսկել իրավիճակը սահմանագոտում:
  • Տարածել