Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը

16 Հոկտեմբերի, 2014 00:00
Հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Այս անգամ այն կայացել է Տավուշի մարզի Իջևան-Ղազախ հատվածում:

Տարածաշրջանային այցով Բաքու այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեր Անդրին, ինչպես նաև ամերիկյան կողմի համանախագահի օգնական Դեյվիդ Սալվոն հոկտեմբերի 16-ին իրականացրել են սահմանային դիտարկում, որից հետո ոտքով հատել են հայ-ադրբեջանական պետական սահմանը և մուտք գործել Հայաստան: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը և Սայմոնդ Թայորը: Դիտարկման ժամանակ հակառակորդի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հնչել են կրակոցներ, որոնք արձանագրել են ԵԱՀԿ գործող նախա•ահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Դիտարկումից հետո Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում Տավուշի մարզպետ Հովհաննես Աբովյանը ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացրել սահմանամերձ գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակը: Նա մասնավորապես իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը` այդ կերպ խոչընդոտելով նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունն ու շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող այլ հարցեր:
  • Տարածել