Բարի երթ ու բարի ծառայություն հայ սպաներին
26 Հուլիսի, 2014 00:00Հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների, ինչպես նաև ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների անդրանիկ շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում ու հրամանատարաշտաբային դասընթացներում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին, մաղթել է նրանց հաջողություններ և բարի երթ դեպի հայկական փառապանծ զինված ուժերի շարքերը:
ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արժանահիշատակ է հատկապես այն հանգամանքը, որ առաջին անգամ հայկական զինված ուժերը համալրվում են կին պրոֆեսիոնալ սպաներով` ռազմաավիացիոն ինստիտուտի սաներով, ինչը վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին: ՀՀ նախագահը շրջանավարտներին հորդորել է երբեք չընկճվել, լինել այնպիսի արժեքների կրողներ, ինչպիսիք են` պատիվը, պարտքը և հայրենիքը: ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը հավաստիացրել է նաև, որ Հայոց բանակի նորընծա սպաներն իրենց թիկունքին մշտապես զգալու են ծառայակից ընկերների, վերադաս հրամանատարության, պետական կառավարման համակարգի և ողջ հայ ժողովրդի ֆիզիկական ու հոգևոր աջակցությունը:
Օրը խորհրդանշական էր նաև նրանով, որ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հոսքին վկայականներ հանձնելու հանդիսավոր միջոցառումը տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Չունենալով պետություն և կանոնավոր բանակ` մեր ժողովրդի մի ստվար հատված դարձավ թուրքական յաթաղանի զոհը: Եվ, ինչպես փաստել է ՊՆ ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, բնավ պատահական չէ, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ հայոց հաղթանակած բանակի նորընծա սպաներն իրենց վկայականները ստանում են հենց Ծիծեռնակաբերդում:
Իր խոսքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն էլ իր խոսքում անդրադարձել է ուսումնական հաստատության անցած ուղուն և տարեգրությանը` ուրախությամբ արձանագրելով, որ ինստիտուտի պատմությունը համարվել է ևս մեկ կարևոր ձեռքբերմամբ, այն է` 2013 թ.-ից սկսվել են ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացները:
Ռազմարվեստի դարբնոցներում թրծված ու մասնագիտացած և հայրենիքի պաշտպանության գաղափարով գոտեպնդված նորընծա սպաներն օրեր անց սկսելու են սպայի դժվարին, բայց անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը, համալրելու են հայրենիքի նվիրյալ այն զինվորականների շարքերը, ովքեր պատվով իրականացնում են հայկական սահմանների պաշտպանության և երկրի անվտանգության ապահովման չափազանց պատասխանատու գործը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով` ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին: Ուստի աներկբա է, որ հայկական զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդ այս սպաները նոր ու հաստատուն քայլերով զարկ կտան մեր բանակի առավել զարգացմանն ու հզորացմանը և իրենց մասնագիտական հմտություններով, մարդկային որակներով ու նկարագրով օրինակ կծառայեն նաև մյուսների համար: