Խրախուսելի է միայն առողջ, կառուցողական քննադատությունը

23 Մայիսի, 2014 00:00
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որպես պաշտպանության բնագավառում տեղեկատվական քաղաքականություն մշակող ու իրականացնող մարմին, մշտապես ուշիուշով հետևում է էլեկտրոնային լրատվամիջոցներում, տպագիր մամուլում ու համացանցում բանակի մասին տեղեկատվական հոսքերին, ծավալվող քննարկումների ընթացքին ու զարգացումներին և հարկ եղած դեպքում հանդես է գալիս համապատասխան բացատրություններով ու մեկնաբանություններով:

Անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավվում են նաև մշակույթի ու արվեստի գործիչներ, զինվորականներ ու նախկին կամավորականներ, որոնց խոսքը թույլ է տալիս քննարկումներն ուղղելու ճշմարիտ և իմաստալից հուն, ժամանակին փարատելու հասարակական մտահոգությունները, մատնացույց անելու այն սահմանը, ուր ավարտվում է իրական տեղեկատվությունը և սկսվում է հատուկ նպատակներով տարածվող ապատեղեկատվությունը: Սա կենդանի գործընթաց է, ուր մենք նաև ստիպված ենք լինում հակահարված տալու կանխամտածված կերպով Հայկական բանակը վարկաբեկող ու նրա նկատմամբ հանրության շրջանում անվստահություն սերմանող ստահոդ հրապարակումներին: Վարչությունը միշտ պահպանել է լրագրողական, ու ընդհանրապես` մարդկային վարվեցողության բոլոր կանոնները և ակնկալել, որ նույն կերպ կվարվեն նաև մեր ընդիմախոսները, ում սակայն, դա միշտ չէ, որ հաջողվում է: Դրա վերջին վկայությունը ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագրության բաժնի պետ, մայոր Գայանե Պողոսյանի անվան շուրջ, նրա սկզբունքային դիրքորոշման պատճառով ֆեյսբուքյան որոշ օգտատերերի բարձրացրած ակնհայտորեն տենդենցիոզ աղմուկն է: Իր բազմաթիվ հոդվածներով նաև Սփյուռք-Հայաստան կապը հետևողականորեն ամրապնդող զինվորական լրագրողը հորդորել էր զուսպ ու զգույշ լինել Հայաստանում ապրողների նկատմամբ` Հայրենիք կառուցելու նրանց ջանքերը հեռվից գնահատելիս: Ընդամենը այդքանը: Սակայն դա էլ բավական է, որ մարդկանց այն տեսակը, որը տարիներ առաջ ապահով կյանք գտնելու ակնկալիքով թողեց պատերազմի մեջ գտնվող հայրենի երկիրը և արտագաղթեց, այսօր կառչելով բառերից ու կոնկրետ հարցի մասին ասվածը նենգափոխելով, համացանցում փորձում է վարկաբեկել զինվորական ծառայության բազմամյա փորձառություն ունեցող լրագրողին, նսեմացնելով նրա բարի անունն ու վաստակը: Ցավալի է, որ երբ ժողովրդի ու Հայկական բանակի ուշադրության կենտրոնում Հայրենիքի սահմաններն են, միշտ գտնվում են մարդիկ, որոնց թիրախն իսկույն դառնում են Հայկական բանակը տարբեր հարձակումներից պաշտպանող մտավորականները: Մենք խրախուսում ենք առողջ, կառուցողական քննադատությունը, ում շուրթերից էլ այն հնչի: Սակայն չենք հանդուրժելու չգիտես ում պատվերով դրսից Հայաստանն ու Հայկական բանակը վարկաբեկելու փորձեր կատարող գրչակներին, և նրանց այսուհետ ավելի անզիջում պատասխան ենք տալու նաև մայոր Գայանե Պողոսյանի պես լրագրողների միջոցով, այլ ոչ թե ականջալուր ենք լինելու զինվորական լրագրողներին պատժելու մասին դրսից տրվող «խորհուրդներին»:
  • Տարածել