Կարևորվել է բանակ-բուհ համագործակցությունը

16 Հունվարի, 2014 00:00
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ձևավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նպատակը մեկն է` երիտասարդներին ներկայացնել ՀՀ զինված ուժերի արիության էջերն ու ձեռքբերումները: Հյուրընկալվելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կրթօջախի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ շրջայց կատարեց ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացավ ապագա ռազմական բժիշկների ուսումնառության միջավայրին: Ս. Օհանյանը գոհունակությամբ արձանագրեց, որ ստեղծվել են գերազանց պայմաններ` զինված ուժերը բանիմաց ռազմական բժիշկներով համալրելու համար: Իր ելույթում Ս. Օհանյանը կարևորեց բանակ-բուհ համագործակցությունը արատավոր բարքերի դեմ պայքարի, արտաքին մարտահրավերների դիմագրավման, հայրենասիրական դաստիարակության գործում, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի կազմավորման և առաջընթացի փուլերը, պաշտպանական բարեփոխումները. «Մենք կարողացել ենք ապահովել երկարատև անվտանգ միջավայր Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ այն միջոցառումները, որոնք ԶՈւ-երի զարգացման մաս են կազմում, այսօր շարունակական առաջընթաց են ապրում, որովհետեւ 2013թ. սկսել էինք նոր պաշտպանական ռազմավարական վերանայման շրջափուլ, որն ապահովվելու է 2014-2015թթ. մեր հանրապետության շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի սպառնալիքների գնահատմամբ»,–ընդգծեց Ս. Օհանյանը: Պաշտպանության նախարարը ներկայացրեց նաև ընթացիկ տարում նախատեսված միջոցառումները, որոնք զինված ուժերի զարգացման մասն են կազմում: «Մեզ համար ցավալի է յուրաքանչյուր կորուստ։ Յուրաքանչյուր կորուստ մի տան ճրագ է մարում, բանակն է ցնցվում, հրամանատարական կազմն է հայտնվում չափազանց լարված վիճակում։ Մենք հետևողական աշխատանք ենք տանում, որպեսզի 2014թ.-ից սկսած նվազեցվեն նաև այն արտակարգ դեպքերը, որոնք տեղի են ունենում միջանձնային հարաբերություններում։ Այդ է պատճառը, որ իմ որոշմամբ և նախաձեռնությամբ 2014թ. հասարակության հետ կպայքարենք արատավոր երևույթի բացառման համար, այնպիսի պատասխանատվության աստիճան կապահովենք, որ բանակը նաև զտիչ դերակատարություն ունենա»: Իր ելույթում Սեյրան Օհանյանը ընդգծեց նաև ՀՀ զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ռազմաբժշակական ֆակուլտետի վերջին տարիների առաջընթացը. «Բժշկական համալսարանը յուրահատուկ կապ, առնչություն ունի հայկական բանակի հետ: Այստեղ են պատրաստվում բժշկական կադրեր և ուղարկվում զինված ուժերի տարբեր զորամիավորումներ ու զորամասեր: Նրանք համալրում են ռազմական բժիշկ-մասնագետների այն մեծ համաստեղությունը, որը մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում լավագույն մասնագետների համբավ է ունեցել: Արցախյան պատերազմի տարիներին մեր բժիշկները կատարելագործեցին իրենց մասնագիտական հմտությունները, անհրաժեշտության դեպքում էլ զենք վերցրին և մասնակցեցին մարտական գործողություններին: Նրանց օրինակով պետք է կրթվեն այսօրվա կուրսանտները»,-նշեց Ս. Օհանյանը: Հանդիպման ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը Սեյրան Օհանյանին պարգևատրեց համալսարանի շքանշանով՝ ռազմաբժշկական կրթության և գիտության կայացման ու զարգացման մեջ մեծ ավանդ ունենալու համար։ Համալսարանի ուսանողական խորհրդարանն էլ նախարարին պարգևատրեց ոսկե մեդալով։ Իսկ պաշտպանության նախարարի հրամանով բժշկական համալսարանի մի շարք դասախոսներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու շնորհակալագրերով` ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության և գիտության զարգացման համար:
  • Տարածել