ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է վաշտերի և մարտկոցների հրամանատարների հետ

13 Հունվարի, 2014 00:00
Հունվարի 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է մի շարք զորամասերի վաշտերի և մարտկոցների հրամանատարներին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Իր խոսքում պաշտպանության նախարարն ամփոփել է 2013թ. կատարված աշխատանքները, արձանագրված հաջողություններն ու բացթողումները: «Հաջողություններ առաջին հերթին ունեցել ենք մարտական հերթապահության իրականացման ոլորտում, առաջին գծում ինժեներական և հետախուզական նորագույն միջոցների տեղադրման, դրանց յուրացման գործում: Տարին եղել է մարտական խնդիրների արդյունավետության բարձրացման տարի, որի ապացույցը հատկապես խնդիրների յուրացումն ու կատարելագործումն էր հենց դիրքերում»,-ասել է նախարարը: Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհրդակցության նպատակն է` վեր հանել վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրները, նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները և 2014 թ. կատարելագործել այդ օղակի գործունեությունը: «Վաշտ-մարտկոց օղակը ուսուցման և դաստիարակության հիմնական կենտրոնն է բանակում: Մարտավարական պարապմունքների, զորավարժությունների անցկացումը, ընթացիկ ծանրաբեռնվածությունը հիմնականում այս օղակի հրամանատարների ուսերին են, պատահարներն ու դեպքերն էլ ընկալվում են որպես նրանց աշխատանքի թերացում: Այս օղակը ավելի հաճախ է քննադատվում, քանի որ այս օղակի հրամանատարներն իրենց ծառայողական առաջին քայլերն են անում, և նրանց թերանալու հավանականությունն ավելի մեծ է: Վաշտերի հրամանատարների համար կարևորում եմ ինքնակրթությունը, հմտությունների շարունակական կատարելագործումը և ժամկետային զինծառայողների հետ աշխատանքների նոր, սեփական մոտեցումների մշակումը: Դուք եք, որ սեփական օրինակով կարող եք օգնել զինվորին և խրախուսանքների տարբեր միջոցներով ստեղծել ընդհանուր փոխվստահության մթնոլորտ»,- ասել է Ս.Օհանյանը: Խոսելով անցած տարվա ընթացքում արձանագրված թերացումների մասին` պաշտպանության նախարարը շեշտել բացթողումները հատկապես դաստիարակչական աշխատանքներում, քանի որ «մենք չենք սովորել ծրագրերը իրականացնել հետևողականորեն` ուշադրություն դարձնելով մանրուքներին»: «Արձանագրված միջադեպերը մատնանշում են, որ մանրուքները ծավալվում են և դառնում հանցագործություն: Մարդկային կորուստները մեր խոցելի կողմն են: Կորուստների հետևանքով ամբողջ պետությունը սասանվում է, ընտանիքներ են դժբախտանում, զինվորական ծառայությունը դուրս է գալիս իր բնականոն հունից: Հանցագործությունների հիմքում ընկած է անհանդուրժողականությունը, պետք է բոլոր օղակներում բարելավենք մարդկային հարաբերությունները և վերջնականապես ձևավորենք ուժեղ և ինքնավստահ բանակ: Հասարակությունը մեզնից պահանջում է խստություն, մենք էլ պետք է հասկանանք, որ խիստ, բայց արդարացի մոտեցմամբ կհասնենք հաջողության: Այս առումով վաշտ-մարտկոց օղակի հրամանատարները շատ անելիքներ ունեն: Մենք արդեն 22 տարեկան ենք, բայց դա չի նշանակում, որ մեր փորձառությունն այդքան քիչ է: Մեր հրաշալի ռազմական հրամանատարների ղեկավարման բարձր ունակությունների շնորհիվ կարողացանք ձեռք բերել մեր հաղթանակները` այսօր տարածաշրջանում լինելով միակ հաղթանակած բանակ ունեցող երկիրը: Մեր հրաշալի ռազմական գիտության և համաշխարհային ասպարեզներում հռչակ բերած հայ զորահրամանատարների փորձն ու գիտելիքը բազմադարյա են, շարունակեք ավելացնել մեր պապերի և հաղթանակ կերտած մեր ընկերների սխրանքները»,- շեշտել է նախարարը: Ամփոփելով իր խոսքը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել հրամանատարներին, նշել, որ հրամանատարների համար, իհարկե, հեշտ չի լինի, բայց հաջողությունը միայն ու միայն իրենց հետևողականությամբ է պայմանավորված: Խորհրդակցության ավարտին մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:
  • Տարածել