Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության

18 Նոյեմբերի, 2013 00:00
«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ շուտով կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով:

Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով դպրոցների աշակերտների շրջանում բարձրացնել ՀՀ զինված ուժերի մասին իրազեկության աստիճանը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը դպրոցից սկսած: Մասնավորապես, նախատեսվում է «Dasaran.am»-ի կայքում բացել զինված ուժերին վերաբերող պաշտոնական էջ, որտեղ կշոշափվեն բանակի առօրյա անցուդարձի մասին աշակերտներին հետաքրքրող բազմաբնույթ հարցեր։ Նորարակական մեթոդով կուսուցանվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան, աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ Ազգային հերոսներին և ռազմական պատմությանն առնչվող թեմաներին, տեղեկանալ ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների մասին, առաջարկվող զինվորական մասնագիտություններին և ընդունելության կարգին, իրազեկվել զինված ուժերում մարդու իրավունքներին: Նախաձեռնությունը հնարավորություն կտա նորարարական և ստեղծագործական լուծումներով շոշափելի ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության աշակերտների շրջանում ռազմական և հայրենասիրական դաստիարակության խթանման գործում:
  • Տարածել