Աշխատանքային այց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

13 Նոյեմբերի, 2013 00:00
ՀՀ և ԼՂՀ փոխհամագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Այցի ընթացքում ՀՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ, եղել են հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված ՊԲ մի շարք զորամասերում ու զորամասերի պահպանության ներքո գտնվող առաջնագծում: Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը ծանոթացել են բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկա վիճակին, ինչից հետո ներկա են գտնվել ԼՂՀ հյուսիսարևելյան հատվածում առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ անցկացված զորավարժության դիտարկմանը՝ «Գումարտակի անցումը պաշտպանությանը» թեմայով, որի ժամանակ ներկայացվել են ընթացքից պաշտպանության բնագծի գրավումը և պաշտպանական մարտի վարման տարրերը, ենթակա ստորաբաժանումների ղեկավարման և դրանց գործողությունների ներդաշնակման առանձնահատկությունները: Նրանք ներկա են եղել նաև զինավանում շտաբ-զորանոցի և սպաների ժամանցի ու հանգստի համար նախատեսված մասնաշենքի բացման արարողություններին: Ցուցադրական պարապմունքից հետո ՊԲ շտաբում տեղի է ունեցել հայկական երկու պետությունների նախագահների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն: Աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:
  • Տարածել