Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է (ֆոտոշարք, տեսանյութ)

6 Նոյեմբերի, 2013 00:00
Այս տարի լրացավ ՀՀ զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների կազմավորման 21-րդ տարեդարձը: Հետախույզի օրվա տոնական միջոցառումների շրջանակում, հատուկ նշանակության զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ մասնակցել են համապատասխան վարժասարքերով հագեցած նոր մարզահրապարակի բացման արարողությանը:

Տոնական միջոցառումները շարունակվել են Արզնի օդանավակայանի տարածքում, որտեղ հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 21 տարեդարձը և հետախույզի մասնագիտական տոնը: Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այժմ հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան: Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈՒ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում: Միջոցառման ընթացքում ողջունելով մասնագիատական տոնի կապակցությամբ և շնորհավորելով բոլոր հետախույզներին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել հետախուզության դերը, մարտական գործողությունների ժամանակ հետախուզական ստորաբաժանումները կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը: Անցնելով պատերազմի հորձանուտով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ: Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ զորատեսակի շարքերում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: Միջոցառման ավարտին զորատեսակի կազմավորման 21-րդ տարեդարձի և հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ հետախույզ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
  • Տարածել