Հայկական բանակն ինքնին ամենամեծ երիտասարդական կառույցն է

9 Նոյեմբերի, 2013 00:00
Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, որը նշվում է որպես համերաշխության և համախմբվածության տոն: Այդ կապակցությամբ նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և երիտասարդական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ և սպաներ, սփյուռքահայ երիտասարդներ: Ելույթներով հանդես եկան ԲՈւՀ-երի ուսանողական խորհուրդների նախագահներ, երտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր կարևորեցին իրենց ներկայացրած կառույցների համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Ընդգծվեց նաև, որ խելացի, կրթված ու նախաձեռնող հայ երիտասարդը մեր երկրի զարգացման հիմնաքարն է: Խոսքով հանդես եկավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով ներկաներին Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ, Ս. Օհանյանը բարձր գնահատեց երիտասարդության դերը հասարակական կյանքում և ազգային անվտանգության ապահովման գործում: «Երիտասարդների համաշխարհային օրը նշելով մենք կարևորում ենք այն փաստը, որ տարիներ առաջ երիտասարդները համախմբվելով պայքար են մղել բռնության դեմ և պայքարել են հանուն ժողովրդավարության, ազատության ու անկախության»: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական բանակն ինքնին ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է: «Մեր բանակը երիտասարդ բանակ է՝ ընդամենը 21 տարեկան»: Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով պարգևատրվեցին մի խումբ երիտասարդների: Գերատեսչական մեդալներով ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրեց այն երիտասարդներին, ովքեր ծառայել են ՀՀ զինված ուժերում և այսօր էլ իրենց գործունեությամբ ավանդ են ներդնում ՀՀ զինված ուժերի զարգացման գործում:
  • Տարածել