Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

29 Հոկտեմբերի, 2013 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով ս.թ. հոկտեմբերի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց երկու երկրների պաշտպանության նախարարների միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը, ինչի խոսուն վկայությունն է գրեթե ամբողջությամբ իրականացված երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագիրը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի իրար հաջորդող այցերը Հայաստան: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
  • Տարածել