ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերը 21 տարեկան են
13 Սեպտեմբերի, 2013 00:00Զինվորական տոնացույցում սեպտեմբերի յոթը նշվում է որպես ինժեներական զորքերի օր: Այս տարի լրացավ զորատեսակի կազմավորման 21-րդ տարեդարձը:
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ զորատեսակի զորամասերից մեկում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Միջոցառման մասնակիցները նախ հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին` ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով նրանց սխրանքը հավերժացնող հուշաքարին: Այնուհետև Սեյրան Օհանյանն ու նրան ուղեկցող անձինք ծանոթացան ինժեներական զորքերի կողմից գործածվող արդի զինատեսակներին, ծանր զրահատեխնիկային, ականազերծման ընթացքում կիրառվող հագուստներին և մասնագիտական այլ սարքավորումներին, հետևեցին ականների հայտնաբերման ցուցադրական պարապմունքին:
Հանդիսության ընթացքում շնորհավորական ելույթներ ունեցան զորատեսակի նախկին և ներկայիս ղեկավարները, ովքեր ներկայացրեցին զորատեսակի կայացման և զարգացման տարեգրությունը, ընդգծեցին սակրավորի գործի կարևորությունը:
Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով ինժեներասակրավորային զորքերի անձնակազմին, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց ինժեներական զորքերում ընդգրկված զինծառայողների կողմից մատուցված ծառայությունը, նշելով, որ նրանց մասնագիտական ունակություններից է մեծապես կախված մյուս զորատեսակների գործողությունների անվտագ ապահովումը:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ինժեներական զորքերի մի շարք զինծառայողներ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացան գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների: