Պետք է քրտինք թափել, որ վաղը արյուն չթափվի. Սեյրան Օհանյան

1 Փետրվարի, 2013 00:00
Փետրվարի 1-ին «Սինոփսիս Արմենիա» գիտա-արտադրական կենտրոնում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ Արկադի Խաչատրյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանը և այլ պատվավոր հյուրեր: Հանդիպման սկզբում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը հակիրճ ներկայացրել է Սեյրան Օհանյանի անցած մարտական ուղին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով հաղթողներին, իր ելույթում նշել է, որ մեր երկիրը գտնվում է զարգացման դինամիկ փուլում, ու հատկապես այս ընթացքում չափազանց կարևոր է ունենալ մարտունակ և կանոնավոր բանակ, ինչին կարող ենք հասնել միայն գրագետ ու բարեկիրթ սերունդ դաստիարակելով: Դիմելով Հաղթողների ակումբի անդամներին և ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին` Սեյրան Օհանյանը նշել է. «Մենք լուրջ աշխատում ենք ռազմական արդյունաբերության զարգացման վրա, ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումը զինված ուժեր, նոր լուծումներ, նոր ծրագրեր իրականցնելն անչափ կարևոր է խելացի պաշտպանություն իրականացնելու համար: Մենք պետք է սերտացնենք այդ կապը, միգուցե նաև այս հանդիպումը հիմք հանդիսանա, որ մենք միասին մտածենք, թե ինչպես կարող ենք փոքրածավալ սարքերով մեծ հաղթանակների հասնել: Հայ երիտասարդներն այսօր ավելի գրագետ են, բանիմաց, լայն աշխարհայացքով, բանականությամբ և անհրաժեշտության դեպքում ավելի լավ կպաշտպանեն: Պետք է քրտինք թափել, որ վաղը արյուն չթափվի»: Սեյրան Օհանյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես զինված ուժերում խնդիրների կարգավորմանը և ձեռքբերումներին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի շարք անհատներ արժանացել են գերատեսչական մեդալների:
  • Տարածել