«Արիության դաս» Երևանի պետական համալսարանում

26 Հունվարի, 2013 00:00
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 26-ին այցելել է Երևանի պետական համալսարան, հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, անցկացրել է «Արիության դաս» թեմայով դասախոսություն:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Շնորհավորելով ներկաներին ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` Ա. Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ բանակ-ԵՊՀ ամուր կապը պահպանելու համար այսուհետ ևս կարվի առավելագույնը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորել է ԲՈւՀ-երի և ուսանողական կազմակերպությունների հետ ՀՀ զինված ուժերի համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ ջանքերով իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված միջոցառումները մեծ նշանակություն ունեն և նպաստում են բանակ-բարձրագույն ուսումնական հաստատություններ, բանակ-հասարակություն կապի էլ ավելի ամրապնդմանը: «Մեր պաշտպանական համակարգը և մեր անվտանգության միջավայրն ավելի համակարգային դարձնելու համար մենք պետք է օգտագործենք ոչ միայն ՀՀ զինված ուժերի, այլ նաև մեր հանրապետության յուրաքանչյուր խավի ներուժը: Որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, այնտեղ նրանք անպարտելի են»,- նշել է Ս. Օհանյանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը «Արիության դասի» ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ զինված ուժերի կազմավորմանը, անցած ուղուն, արձանագրված հաջողություններին, 2012թ.-ին Հայաստանում անցկացված զորավարժություններին: Միջոցառման ավարտին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները ներկայացել են բանակային երգերով, պարային ելույթներով:
  • Տարածել