Սեյրան Օհանյանը մասնակցել է զորամասերի նորակառույց շինությունների բացման արարողությանը

5 Դեկտեմբերի, 2012 00:00
Զինծառայողների ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, սպաների և նրանց ընտանիքների բնակավորման խնդիրները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության հոգածության ներքո: Ազգային բանակի զորամասերում տարեցտարի ավելանում են նորակառույց շինությունները, իսկ ՊՆ պատվերով կառուցված բազմաբնակարան շենքերում ծառայողական բնակտարածքներով են ապահովվում նորանոր սպայական ընտանիքներ:

Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց մեծ ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ծանոթանալով նորակառույց շինության պայմաններին և իր գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ նախարարը նշել է, որ «Առաջնագծում ծառայող և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները արժանի են նման պայմաններ ունենալուն»: Պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի և հակաօդային պաշտպանության հրթիռահրետանային դիվիզիոններից մեկի զորանոցի բացման արարողությանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Կատարված որակյալ աշխատանքի արդյունքում դիվիզիոնը այսօր արդեն ապահովված է հակաօդային պաշտպանության զորամասերին հարիր բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դասասենյակներն ու զորանոցները համալրված են անհրաժեշտ գույքով, հիմնովին նորակառույց ճաշարանը ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, կաթսաներով և սառնարաններով: Շնորհավորելով դիվիզիոնի զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը այսուհետ ևս, իր ուժերի ներածին չափով, անելու է հնարավորը երկրի պաշտպանությունն իրականացնող սպաներին ծառայողական արժանավայել պայմաններով ապահովելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է նաև, որ շինությունների բացումը խթան կհանդիսանա եկող ուսումնական տարում դիվիզիոնի առջև դրված խնդիրներն առավել բարեխիղճ, նպատակասլաց և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորել է չմոռանալ նաև, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, նրա գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ Զինված ուժերի մարտունակությունը:
  • Տարածել