«Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումը Երևանում

30 Նոյեմբերի, 2012 00:00
2012 թ. նոյեմբերի 29-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում մեկնարկեց «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային երկօրյա ֆորումը (Նախորդն անցկացվել է 2011 թվականի նոյեմբերի 17-18-ին: Ավելի մանրամասն` տես «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի պաշտոնական կայքում` http://securecaucasus.wordpress.com):

Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ) և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆորումին ուղղված ողջույնի խոսքն ընթերցվեց ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի կողմից: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքը ներկայացրեց ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Ֆորումի մասնակիցներին ուղերձ հղեց նաև ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Բացման խոսքով հանդես եկավ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Ֆորումի առաջին նիստում տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Ֆորումի առաջին օրը քննարկվեցին տարածաշրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին, Հարավային Կովկասում Իսրայելի քաղաքականությանը և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղական զարգացումների` Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցությանն առնչվող հարցեր: Ֆորումին մասնակցում են Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի գծով ավագ վերլուծաբան Ուեյն Մերին, Հարվարդի համալսարանի Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի տնօրեն, դոկտոր Սերգեյ Կոնոպլյովը, ՌԴ ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ, Արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Մոսկվայի Քարնեգի կենտրոնի վերլուծաբան, դոկտոր Անդրեյ Ռյաբովը, Օքսֆորդի համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Նեյլ Մըքֆարլեյնը, բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` «Չաթհամ Հաուսի» Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և վերլուծաբան Ջեյմս Նիքսին, Թուրքիայի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր, դոկտոր Մուստաֆա Այդինը, Հայաստանում և Վրաստանում Իսրայելի նախկին դեսպան, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Բարուխ Բեն Ներիան, Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն (Երևան), Հարվարդի համալսարանի Դեվիսի անվան ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ գիտնական, դոկտոր Գայանե Նովիկովան, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության փորձագետներ Հայաստանից:
  • Տարածել