Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

20 Սեպտեմբերի, 2012 00:00
Ս.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հանդիպումը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ավարտին Ս. Օհանյանը և Ա. Սերդյուկովը հանդիպել են լրագրողների հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդծել է, որ հայ-ռուսական ջերմ հարաբերություններն արտահայտվում են նաև ռազմական համագործակցության շրջանակներում: «Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցություն, հավաքական ուժերի շրջանակներում ծրագրերին վերաբերող հարցեր, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի իրավական հիմքի ձևակերպմանը վերաբերող հարցեր: Ուրախ եմ, որ հարաբերությունները համակարգված կերպով զարգանում են»,- ասել է Ս. Օհանյանը: ՌԴ պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովն իր խոսքում ևս կարևորել է հայ-ռուսական ջերմ կապերը, որոնք թույլ են տալիս էլ ավելի արդյունավետ աշխատել. «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներ, պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության 2012թ. ծրագրի կատարման ընթացքը, 2013թ. նախագծերը: Նշեմ նաև, որ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները վկայում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և գործողությունների ներդաշնակության մասին»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
  • Տարածել