Մամուլի հաղորդագրություն

14 Սեպտեմբերի, 2012 00:00
Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի է ունեցել «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը, ներկայացնելով Մովսես Սիլիկյանի անցած ուղին, ընդգծել է, որ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը թանկ անուն է ոչ միայն որպես Սարդարապատի դարձակետային ճակատամարտի հրամանատար, այլև որպես, հիրավի, օրինակելի հրամանատարի կերպար: Նախարարի խոսքերով` Մովսես Սիլիկյանն այն տոհմիկ զինվորականների շառավիղին է պատկանում, ով երբեք չկտրվեց հայ իրականությունից, պահպանեց իր հայեցի կերպարը, տեսավ իր ժողովրդի տառապանքներն ու միշտ հաղորդակից եղավ նրա ձգտումներին: Թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից ծայրահեղ բարդ իրավիճակում այդ զորավարն ընդունեց միակ ճիշտ, համակողմանիորեն կշռադատված և, առանց չափազանցության, տաղանդավոր որոշում. ոտքի հանել զորքը և բոլոր նրանց, ովքեր ունակ էին զենք կրելու՝ հայոց բազմադարյան պետականությունը թուրքերի բարբարոս ներխուժումից պաշտպանելու համար: Ելույթներով և դասախոսություններով հանդես են եկել մի շարք պատմաբաններ` առավել մանրամասն ներկայացնելով գեներալ-լեյտենանտի տոհմի պատմությունը, ինչպես նաև ռազմական գործչի կյանքի հերոսական դրվագները: Նշենք նաև, որ զորավարի ծննդյան 150-րդ տարեդարձի շրջանակներում իրականացվում է Մովսես Սիլիկյանին նվիրված միջոցառումների ընդգրկուն մի ծրագիր, որը կշարունակվի նաև առաջիկա շաբաթներին: Մասնավորապես, կազմակերպվելու են ուսանողների ու աշակերտների բազմաթիվ այցելություններ «Սարդարապատ» հուշահամալիր, ինչպես նաև ծավալուն հոդվածներ են հրապարակվել պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում, բացի այդ հրատարակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատրաստած «Սարդարապատի հերոսը. գեներալ Մովսես Սիլիկյան» գրքույկը:
  • Տարածել