Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նոր՝ «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի շնորհանդեսը

21 Նոյեմբերի, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նոր` «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով կարևորեց «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի այժմեականությունը և անհրաժեշտությունը: Գրքի նախաբանի հեղինակ Զորի Բալայանն էլ իր խոսքում նշեց, թե` «Երբ այցելում էի այն ժամանակ ՊԲ հրամանատար Սեյրան Օհանյանին, սեղանին տեսնում էի գրառումներ, փոքրիկ գրքույկներ, և ավելի ուշ զարմանքով բացահայտեցի, թե ինչպիսի գրիչ ունի Սեյրան Օհանյանը: Նրա սիրելի ժանրը, այսպես ասած, գործունական ուղերձներն են: Այս գրքում կան բանակի մասին որոշ դրվագներ, որոնք վկայում են, որ սա յուրահատուկ բանակ է, մի բանակ, որի ամենագլխավոր դեմքը ժողովուրդն է»: Ելույթներով հանդես եկան նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը կարևորելով գրքի նշանակությունը՝ ասաց. «Մինչ այս մենք չունեինք այնպիսի աշխատություն, որը նվիրված լիներ հենց բանակի տարեգրությանը: Գիրքը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մեզ վերադարձնում է մեր կորցրած արժանապատվությունը, որը վերականգնվեց արցախյան հերոսամարտի շնորհիվ»: Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհավորելով նախարարին գրքի լույսընծայման կապակցությամբ, մասնավորապես ասաց. «Այս հատորը, որ ունենք ձեռքի տակ, բավական շահեկան է և օգտակար պատմաբանների համար, և եթե օգտագործենք պատմաբանների բառապաշարից մի արտահայտություն, ապա սա ընթացիկ պատմություն է: Տարեգրությունը դա ժողովուրդների պատերազմների, հաղթանակների և պարտությունների պատմությունն է: Մեր ժողովուրդը հաղթելով, պայքարելով ու մաքառելով ապացուցել է իր ապրելու իրավունքը: Այսօր մենք կանք, դրանով էլ մենք հաղթանակած ազգ ենք: Գրքի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում բանակին տրված գնահատականները, Եվ ամենակարևորն այն է, որ գիրքը, որը գտածո է պատմաբանների համար, հեղինակել է զինվորական-մտավորականը, դեպքերի ականատեսը»: Իսկ ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը, շեշտեց գրքի յուրահատկությունը. «Սա կենդանի ժամանակագրություն է: Գրքի հաջողությունը նաև նրանում է, որ հեղինակն այս ամենի կենդանի մասնակիցն է: Երբ կարդում էի գիրքը, հատկապես աչքերս լցվեցին այն պահին, երբ Մարտակերտի անկումից յոթ ամիս անց սկսվում է մեր հաղթանակների սկզբի նկարագրությունը»: Շնորհակալություն հայտնելով շնորհանդեսի հյուրերին մասնակցության համար՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց. «Այս գիրքը մեր մասին է, մեր բանակի մասին է: Բոլորս մասնակցություն ենք ունեցել հայկական բանակի ձևավորմանը: «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գիրքը հիմնականում մեր անցած ճանապարհի, լավագույն ավանդույթների վերագնահատման ու վերաարժևորման արդյունք է, որովհետև յուրաքանչյուր բնագծին հասնելով, պետք է վերագնահատես, վերաարժևորես քո անցած ճանապարհը, տեսնես այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է հետագայում օգտագործելու համար: Մեր 20-ամյա երիտասարդ բանակի անցած ճանապարհի պատմության մեջ մի ամբողջ ժողովրդի դարերի պատմության արձանագրված ռազմական փորձն է, որովհետև եթե չլիներ այդ ռազմական փորձը, ապա չէին լինի նաև այն հոյակապ հաղթանակները, որոնց հասանք մեր հրամանատարների և զինվորների գործունեության, ինչպես նաև ժողովրդի միասնական ջանքերի: Ուստի այդ տարեգրությունը կարելի է անվանել սահուն անցում մեր ներկային և ապագային, այստեղ մենք անդրադարձ ենք կատարել այն անվտանգության միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է հետագայում մեր երկրի պաշտպանությունը իրականացնելու համար: Մենք մշտապես հաղթել ենք մեր միասնության շնորհիվ, և այսօր էլ մեր գործունեության ընթացքում հիմքում մշտապես դրված է կոլեկտիվիզմի գաղափարը»: Այնուհետև մտերմիկ մթնոլորտում նախարարը «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքից իր մակագրությամբ նվիրեց հյուրերին:
  • Տարածել