Հետախույզի համար անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ չկան

10 Նոյեմբերի, 2012 00:00
Հոգեբանական կայունություն տարբեր դժվարությունների և արգելքների հաղթահարման ժամանակ, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն, անձնուրացություն դրսևորելու պատրաստակամություն: Այս ամենն ամփոփված էր ՀՀ ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի ունեցած ցուցադրական ելույթում:

Նոյեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձը և հետախույզի մասնագիտական տոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև հետախույզների հարազատներ և հյուրեր: Ողջունելով և շնորհավորելով բոլոր հետախույզներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նրանց դերը Հայոց բանակի կազմավորման և կայացման բոլոր փուլերում. «Ազգային բանակի հետախուզությունը փառապանծ ճանապարհ է անցել: Համաշխարհային հետախուզական պատմության մեջ մեծ է հայորդիների դերը: Հայ ժողովուրդը մշտապես կարողացել է իր մատը պահել համաշխարհային զարգացումների զարկերակի վրա և իր մասնակցությունն ունենալ անվտանգության և կայունության ապահովման գործում»,- նշել է պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը կարևորել է նաև հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունն Արցախյան հերոսամարտի ժամանակ. «Եթե չլինեին մեր կամավորական ջոկատներից կազմված հետախուզական ստորաբաժանումները, այնուհետև կանոնավոր բանակի կազմում իրենց մեծ ներդրումն ունեցած հետախուզական մի շարք զորամասեր, ապա մենք չէինք կարող ունենալ հաջողություններ Արցախյան գոյապայքարում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության գործում: Հայոց բանակի հասարակ հետախույզ զինվորը մեր պատմությունը փառքով գրեց: Այսօր էլ հետախուզական ստորաբաժանումները լավագույնս շարունակում են իրենց սկսած գործը և օրըստօրե կատարելագործում են հետախույզների մարտական պատրաստականությունը և վարպետությունը: Այսօր մենք իրավամբ կարող ենք ասել, որ հետախույզները զարգացնում են իրենց մասնագիտական աստիճանը»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ընդգծել, որ հետախույզի համար անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ չկան: Սեյրան Օհանյանը կարևորել է նաև միջազգային խաղաղապահ գործողությունների իրականացման ժամանակ մեր հետախույզների առաքելությունների բարձր պատրաստվածությունը: Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, հատուկ նշանակության ստորաբաժանումների պետեր, պայմանագրային և ժամկետային զինծառայողներ: Միջոցառման ավարտին մի խումբ հետախույզներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
  • Տարածել