Փառահեղ հաղթանակ

27 Փետրվարի, 2013 00:00
Ս.թ փետրվարի 12-ից 23-ը ՌԴ «Հայրենասիրական դաստիարակությունը 2011-2015 թթ.» պետական ծրագրի շրջանակում ՌԴ Պերմ քաղաքում հերթական անգամ կայացավ «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքը, որին արդեն 3-րդ անգամ իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը:

2011թ.-ին միջազգային հավաքում վարժարանի թիմը զբաղեցրել էր 3-րդ տեղը, 2012թ.-ին` 2-րդ, իսկ այս տարի, արդյունքներում գերազանցելով շուրջ 40 թիմի, գրավել է 1-ին պատվավոր տեղը: Միջոցառման նպատակն է մատաղ սերնդի մոտ հայրենասիրական գիտակցության ձևավորումը, ԱՊՀ երկրների հայրենասիրական ակումբների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, փորձի փոխանակումը, պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Հաղթանակը հեշտ չի եղել, քանի որ մյուս թիմերն էլ իրենց պատրաստվածությամբ ու համառությամբ չեն զիջել միմյանց: Համառ պայքարի արդյունքում վարժարանի սաները հաղթահարել են իրենց առջև դրված ցանկացած բարդ ու դժվարին խնդիրները, որոնք ուղեկցվել են ձմռան ցրտաշունչ օրերով, անտառային բարդ բնակլիմայական պայմաններով` վրանային ավանում: Անցկացվել են գործնական պարապմունքներ հետևյալ առարկաներից` հակահրդեհային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանություն, փրկարար ծառայություն, օդային տեսադիտում, մարտավարական պատրաստություն, ներքին զորքերի մարտավարություն, ռազմական տեղագրություն, մարտավարամասնագիտական պատրաստություն, փորձագիտություն, միայնակ արգելագոտի, տուրիստական արգելագոտի, ականապայթյունային աշխատանք, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն, հատուկ նշանակության ստորաբաժանումների ժամանակակից հրաձգային զենք, մարտական գործողությունների իմիտացիա` ինտերակտիվ զենքի գործադրմամբ, կրակային պատրաստություն, երաժշտական պարապմունք, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքներ, թիմերի շնորհանդես: Փետրվարի 23-ին վարժարանի թիմը ուսումնական մասի պետ մայոր Կ.Ավագյանի գլխավորությամբ վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանի սրահում նրանց դիմավորելու էին եկել հարազատները, վարժարանի անձնակազմը և անձամբ վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը, հարազատ ընկերներ, ովքեր օրեր շարունակ համացանցի ուղիղ եթերով հետևում էին սաների բազմաբնույթ ելույթները: Հաղթանակով վերադարձած սաներին դիմավորեցին հաղթական դափնեպսակով: Սաների կուրծքը զարդարված էր հուշամեդալներով: Ճանաչվելով լավագույն` նրանցից յուրաքանչյուրը հասցրել էր միջազգային հավաքում դառնալ «Օրվա հերոս» անվանակարգի հաղթող, որի համար ևս արժանացել էին առանձին պարգևների: Թիմային հաշվարկում ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ և արդյունքներ` վարժարանի թիմը գրավել է 1-ին պատվավոր տեղը: Սաները մեծ հպարտությամբ և պատվով ձեռքից ձեռք էին փոխանցում հաղթանակած գավաթը: «Պատանի հայրենասերների» միջազգային հավաքի կազմակերպիչների հետ հանդիպումներում բազմիցս նշվել է, որ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը մեծ տպավորություն է թողել իր ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, բարձր կամային հատկանիշներով: Հուզումնալից էր նաև մուտքը վարժարան: Շարահրապարակում շարային կեցվածքով և ծափողջույններով սաներին էին սպասում իրենց ընկերները, ովքեր հպարտ էին նրանց հաղթանակով: Ողջույնի խոսքով սաներին դիմեց վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը: Նա շնորհավորեց փայլուն ու փառահեղ հաղթանակի համար, նշեց, որ միջազգային այս հավաքը կարևոր ու շրջադարձային նշանակություն ունի իրենց կյանքում. այստեղ հաղթում են արժանավորները, մտքով ճկուններն ու իմաստնացածները, իսկ սաների պատրաստվածությունը համապատասխանում է այդ ցուցանիշներին: Վ.Վ. Ոսկանյանը նշեց, որ վարժարանի թիմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե Հայաստանը ուժեղ և նպատակասլաց քաղաքացիներ է կերտում և դաստիարակում, ովքեր ունեն համառություն, նպատակին հասնելու պատրաստակամություն: 2013թ.-ին կայացած հավաքներին վարժարանի թիմի կազմում մասնակցել են - մայոր Կարեն Ղարիբի Ավագյան` ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ - կապիտան Շահեն Գառնիկի Սահակյան` 1-ին ուսումնական վաշտի հրամանատար - լեյտենանտ Նորայր Մարտունիկի Սարգսյան` ֆիզիկական պատրաստության պետ - սան Մկրտչյան Գուրգեն Տիգրանի - սան Մարտիրոսյան Մհեր Գուրգենի - սան Եպիսկոպոսյան Վլադիմիր Արթուրի - սան Հայրապետյան Տիգրան Արմենակի - սան Աղամիրյան Վրեժ Լևոնի - սան Ղուկասյան Հովհաննես Թևոսի - սան Իսրայելյան Հովհաննես Սարգսի - սան Մանասյան Յուրա Սերգեի - սան Ավետիսյան Արսեն Արթուրի - սան Դավթյան Մհեր Մարատի
  • Տարածել