Հայաստանում էր ԳԴՀ տեսչական խումբը

13 Հոկտեմբերի, 2012 00:00
ՀՀ ՊՆ ՊՔ վարչության սպառազինության վերահսկողության խաղաղապահ և հումանիտար գործողությունների համադրման բաժնի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սպառազինության վերահսկողության կենտրոնի միջև ձեռք բերված երկկողմ համագործակցության և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 8-ից 12-ը ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» ուսումնական տեսչություն է իրականացրել ՀՀ ԶՈՒ զրահատանկային տեխնիկայի նորոգման տեխնիկական բազաներից մեկում:

Տեսչության հիմնական նպատակներն էին տեսչական ստուգման արդյունքում արձանագրված սպառազինության և տեխնիկայի հաշվառումն ու դրանց տեսակավորումը, ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթների համաձայն տեսչության կազմակերպման և անցկացման, առաջատար խմբի գործողությունների, սպառազինության և տեխնիկայի կրճատման և ոչնչացման գործընթացների, պայմանագրի անդամ երկրի կողմից պայմանագրով սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերման և տարանցիկ փոխադրման գործընթացների վերաբերյալ ծանուցագրերի առաքման, ԵԱՀԿ տեղեկատվական ցանցում տվյալների ներմուծման և նմանատիպ այլ հարցերի հետ կապված խորհրդատվությունը և փորձի փոխանակումը, սպառազինության վերահսկման ոլորտում ՀՀ-ԳԴՀ ռազմական համագործակցության ընդլայնումը:
  • Տարածել