Ամփոփվել են ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքերը

26 Հունվարի, 2013 00:00
Երևանի պետական համալսարանի նիստերի դահլիճում հունվարի 26-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2012 թվականին կատարված աշխատանքների արդյունքների նվիրված ամփոփիչ խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարարներ, ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Խորհրդակցության ընթացքում հաշվետվություններով հանդես են եկել գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով 2012թ. ընթացքում երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին բարձարցնելուն ուղղված աշխատանքները, առաջարկել են դեռևս չիրականացված խնդիրների լուծման տարբերակներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել է, որ այսօր մեր պետության համար շատ կարևոր է դեռևս մանկապարտեզից, դպրոցից երեխաների մեջ սերմանել հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանը դառնալու պատրաստակամություն: «Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը կարող է բերել նրան, որ մարդիկ մտավախություն ունենան անգամ սեփական ուժերի վրա թշնամու հնարավոր հարձակումը դիմագրավելու հարցում: Սակայն համոզված եմ, որ մեր երիտասարդ սերունդն ավելի նվիրված է ու անհրաժեշտության դեպքում ավելի լավ է կարողանալու պաշտպանել մեր սահմանները: Պարզապես, այսօր պետք է քրտնաջան աշխատենք, որպեսզի մեզանից հետո եկող սերունդը նույնչափ հայրենասեր ու ավելի ինքնավստահ լինի»,- ասել է Սեյրան Օհանյանը: Խորհրդակցության ավարտին ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման համար մի խումբ զինվորականներ, տարբեր գերատեսչությոտւնների ներկայացուցիչներ արժանացել են գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների:
  • Տարածել