ՀՀ զինված ուժերի սպաներն ապահովվում են բնակարաններով

4 Օգոստոսի, 2012 00:00
Օգոստոսի 4-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զիվորականներ, զինված ուժերի սպաներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Շնորհավորելով բնակարանամուտը տոնող 61 զինվորականներին` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական ապահովության հարցը պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից մեկն է և հավելել, որ այն գտնվում է երկրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո: Բնակարանների հանձնման արարողությունից հետո Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել նորաբաց բնակելի շենքում, ծանոթացել բնակարանային պայմաններին: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ զինծառայողների համար նախատեսված բնակարաններն ապահովված են կենցաղային բոլոր հարմարություններով: 2007 թվականից ի վեր ՀՀ-ում կառուցվել և շահագործման են հանձնվել ավելի քան 1200 բնակարան, որոնք հատկացվել են ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և զինված ուժերի սպաներին:
  • Տարածել